17/10/2016 11:38
Ռուսաստանից Հայաստան զինատեսակների նոր խմբաքանակ կմատակարարվի
Երևանն ու Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան զինատեսակների նոր խմբաքանակ մատակարարելու շուրջ: Այս տեղեկատվությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը:
«Կա նմանատիպ ինֆորմացիա: Այս պահին ես չեմ ասի, թե ինչ զինատեսակներ են Հայաստանին տրամադրվելու», - պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, ասաց Սերգեյ Մինասյանը:
«Հերթական անգամ հայ-ռուսական հարաբերություններում բավական կարևոր համաձայնությունների շուրջ կան առաջխաղացումներ, առաջին հերթին դա վերաբերում է ռազմատեխնիկական բաղադրիչին: Բավականին լուրջ սպառազինությունների մատակարարման առումով պայմանավորվածութուններ են ձեռք բերվել: Կարծում եմ՝ բավականին կարճ ժամկետում և հեռահար, և բավականին ճշգրիտ և բավական բարձր խոցելիության աստիճան ունեցող նոր զինատեսակներ կստանան Հայաստանի զինված ուժերը», - ընդգծեց ռազմական փորձագետը:
Նրա խոսքով, մոտակա օրերին զենքը կմատակարարվի Հայաստան:
«Հանգամանքը, որ այդ պայմանավորվածությունները կան ու կարճ ժամկետում կիրագործվեն` մենք կտեսնենք: Նույն կերպ, ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանի գլխավոր ռազմատեխնիկական գործընկերը կար և մնում է Ռուսաստանի Դաշնությունը, նույն կերպ էլ կշարունակվի տեսանելի ապագայում», - ավելացրեց քաղաքագետը:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և իրավունք ունի մատակարարել այն սպառազինությունները, որոնց մասին պայմանավորվել է գործընկերների հետ:
«Այստեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ մեկի համար, ըստ իս, նաև ադրբեջանցի գործընկերների համար։ Ադրբեջանին, ինչպես գիտեք, մենք նույնպես զենք ենք մատակարարում», - ասել է նա։: