22/10/2016 11:06
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Եղանակային պայմաններն առավել անբարենպաստ կլինեն
Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը:
«Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին մեր երկիրը գտնվելու է նրա ազդեցության գոտում: Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, իսկ 25-ին տեղումները կլինեն միջին ինտենսիվության, հոկտեմբերի 26-ին ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա, ինչի հետևանքով տեղումները արդեն կլինեն ինտենսիվ: Դեպի հոկտեմբերի 27-ը ցիկլոնը աստիջանաբար կթուլանա: Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին կնվազի 8-10 աստիճանով: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն»,-Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա հորդորել է նշված ժամանակահատվածում շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: