07/12/2016 12:07
Օբամա. Իրաք ներխուժելիս ԱՄՆ-ի սխալները ԻՊ-ի առաջացման պատճառներից մեկն էին
Իրաքում ռազմական գործողության իրականացման ընթացքում ԱՄՆ-ի թույլ տված սխալները դարձան «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) միջազգային ահաբեկչական կազմակերպության հայտնվելու պատճառներից մեկը: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Ֆլորիդայի նահանգում ելույթ ունենալով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակետում: Նրա ելույթի տեսագրությունը հրապարակված է Սպիտակ տան կայքում:
«Մենք հրաժարվեցինք կրկնել 2003 թվականի ներխուժման որոշ սխալներ, որոնք հենց սկզբից նպաստեցին կազմակերպության ծավալմանը, որը հայտնի դարձավ որպես «Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն (ԻԼԻՊ)», - նշել է Օբաման:
Միացյալ Նահանգների առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան արդեն ավելի քան 16 հազար ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչներին, իսկ ԻՊ-ը կորցրել է իր վերահսկած տարածքների ավելի քան կեսը:
«Վերջին հաշվով, ԻՊ-ի մեջքը կջարդվի», - հայտարարել է Օբաման: Դրա հետ մեկտեղ նա խոստովանել Է, որ Մերձավոր Արևելքում ծայրահեղականության դեմ պայքարը կարող է ձգձգվել մի քանի սերունդ: