07/12/2016 18:19
Խուլիգանը տեղ չունի լրագրության մեջ. Ռուբիկ Հակոբյանը` լրագրողին հարվածելու մասին
Խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում, այսօր ԱԺ-ում, մեկնաբանելով լրագրող Վահե Մակարյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպն, ասաց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով` լրագրողը մոտեցել է իրեն ու մի քանի անգամ կրկնել է նույն հարցը:
«Լրագրողի հարց տալն իր իրավունքն է, բայց չպատասխանելը նույն քաղաքական գործչի, քաղաքացու իրավունքն է: Հարցազրույցի ժամանակ լարվածություն կար, նա ասաց, որ էթիկայի կանոններն եմ խախտում, ես ձեզ կդաստիարակեմ: Այդ ժամանակ հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրույցում, այլ՝ պարզագույն խուլիգանի»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Պատգամավորը չհստակեցրեց` իսկապես հարվածե՞լ է լրագրողին, թե՞ ոչ:
«Եթե որևէ հակաօրինական բան կա, ինքը կարող է դիմել օրենքի սահմաններում, ճշտել, չնայած՝ ասեց, թե տղայական էլ կարող է»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ միջադեպից հետո իրեն է դիմել մի քանի պատգամավոր՝ նշելով, որ իրենց հետ ևս լրագրողը խնդիրներ է ունեցել.
«Գեղեցիկ չէր այն, ինչ եղավ, բայց ասեմ, որ դրանից հետո ինձ զանգել են պատգամավորներ ու ասել, որ գրեթե բոլորի հետ նման «կենսագրությունն» ունի ինքը: Նույնիսկ լրագրողներից ոմանք շնորհակալություն հայտնեցին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Հակոբյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել է իրեն: