11/01/2017 14:10
«Գազպրոմ էքսպորտ»-ը Վրաստանին գազի տարանցման վերաբերյալ փաթեթային առաջարկ է արել
Ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը Վրաստանին փաթեթային առաջարկ է արել գազի փոխադրման ծառայություններից երաշխավորված եկամտի ապահովման համար, ասված է ընկերության հաղորդագրությունում, փոխանցում է ТАСС-ը:
Մինսկում հունվարի 10-ին կայացել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հերթական հանդիպումը՝ Հայաստան-Վրաստանի տարածքով գազամատակարարման և Վրաստան գազի մատակարարումների պայմանների համաձայնեցման հարցով:
««Գազպրոմ էքսպորտ»-ի կողմից վրացական կողմին փաթեթային առաջարկ է արվել օպտիմալ և փոխշահավետ պայմաններով, որը թույլ կտա վրացական կողմին երաշխավորված եկամուտ ապահովել գազի տեղափոխման ծառայություններից և բարձրացնել Վրաստանի գազապահովման հուսալիությունը», - հայտարարել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան:
Վրաստանը չի գնում ռուսական գազ 2007 թվականից: Վերջին տարիներին Վրաստանի գազամատակարարման 88 տոկոսն ապահովվում է Ադրբեջանից մատակարարումների հաշվին, իսկ 12 տոկոսը՝ ռուսական գազի հաշվին, որը նա ստանում է ՌԴ-ից Հայաստան տարանցման դիմաց: