11/01/2017 15:02
Դեպի Հայաստան ռուսական գազի փոխադրման դիմաց Վրաստանը «Գազպրոմ էքսպորտից» ֆինանսական վճար կստանա
Վրացական կողմը և «Գազպրոմ էքսպորտը» կնքել են նոր համաձայնագիր, որի համաձայն Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում՝ դեպի Հայաստանի ռուսական գազի փոխադրման համար, հայտարարել է փոխվարչապետ, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մի քանի փուլով «Գազպրոմ էքսպորտի» հետ բանակցությունների արդյունքում՝ հաշվի առնելով առկա իրավիճակը, մենք կարողացանք համաձայնեցնել օպտիմալ առաջարկը: Կառավարությունը քննարկել է տվյալ առաջարկը և որոշել է գրանցել համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն՝ ռուսական էներգակրից Վրաստանի կախվածությունը չի աճում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է դեպի Հայաստան ռուսական գազի փոխադրման դիմաց ֆինանսական վճար: Ինչ վերաբերում է փոխադրման արժեքին, ապա այն կլինի ամենաբարձրը եվրոպական երկրների շրջանում», - հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը կնքվելու է երկու տարով, և անհրաժեշտության դեպքում՝ սեզոնային պակասուրդի ժամանակ, Վրաստանը կկարողանա ստանալ գազի լրացուցիչ ծավալներ՝ 215 դոլարի փոխարեն 185 դոլարով հազար խմ դիմաց: Ավելի վաղ համաձայնագիրը կնքվում էր մեկ տարով: