14/01/2017 12:01
Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը դարձել է չարիք. Գագիկ Սուրենյան
Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը, որը մթնոլորտային բարձր ճնշման գոտի է, նրանում պարունակված օդային հոսանքները ունեն մեծ խտություն և կշիռ ու հիմնականում կատարում են վարընթաց շարժում (այսինքն մթնոլորտի վերին շերտերից իջնում են դեպի ներքին շերտեր), դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի և նրան հարող նախալեռնային գոտիների համար, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Նախ այն ստեղծել է օդային պատնեշ, որը արգելափակում է արևմուտքից տեղումնաբեր ցիկլոնների մուտքը դեպի Հայաստան և արդեն 20-րդ օրն է ինչ Արարատյան դաշտը և նրան հարող նախալեռնային գոտիները գտնվում են խիտ մառախուղի և լճացած սառը օդային զանգվածների մեջ:
Քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում ինչպես նաև Երևանում մառախուղը կպահապանվի, մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ»,- ավելացրել է նա: