26/01/2017 23:58
Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը . Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ չի ողջունել ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:
«Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նաև ծիծաղելի է որակել խոսակցություններն այն մասին, թե ՀՀԿ-ում արտահոսք կա:
«Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու», - նշել է նա: