17/02/2017 19:24
Ֆիլիպ Կալֆայան. Հայոց Ցեղասպանության համար Թուրքիային հնարավոր չէ ենթարկել որևէ քրեական պատասխանատվության
Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի փակ լինելու փաստը՝ մարդկային շփումների թիվն ավելացել է, «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը. հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում Թուրքիայի, Հայաստանի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի դիտանկյունից» թեմաներով քննարկում-բանավեճին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի փակմանը, որը վնասում է Հայաստանի տնտեսությանը, կա քաղաքացիական հասարակության փոխանակում: Այսօր մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի բոլորը կարողանան իրենց տեսակետները հայտնել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Եթե մենք՝ գերմանացիներս ու ֆրանսիացիներս, չորոշեինք լսել միմյանց Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, ապա ԵՄ-ը գոյություն չէր ունենա», - նշեց դեսպանը:
Բանավեճին ներկա իրավաբան և Փարիզ 2 համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Կալֆայանը հայ-թուրքական հարաբերությունների մասին իր զեկույցում անդրադարձավ փոխհատուցման եզրույթին՝ ընդգծելով, որ Թուրքիային հնարավոր չի լինի ենթարկել որևէ քրեական պատասխանատվության Հայոց Ցեղասպանության համար, քանի որ այս կառավարությունն իրավականորեն պատասխանատու չի նախնիների կողմից կատարածի համար:
«Ոճիրը չենք հատուցում, այլ՝ վնասը», - ասաց նա:
Քաղաքագետ, Ստամբուլի Կուլտուր համալսարանի դասախոս Ալի Բայրամօղլուն էլ իր հերթին ասաց, որ ներկայիս Թուրքիայում, ի տարբերություն 2007-2009 թվականների, զգայունությունը ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ պակասել է:
Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Ժան-Ֆրանսուա Պերուզը իր խոսքում նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում պետք է դիտարկել նաև Ադրբեջանից Թուրքիայի էներգետիկ կախվածությունը, որն էլ ազդում է Թուրքիայի վարած քաղաքականությանը հայերի հետ: