21/02/2017 13:52
Կարեն Կարապետյանը հանդիպում կունենա Վրաստանի նախագահի ու վարչապետի հետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի հետ միասին Թբիլիսի կմեկնեն ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։