22/02/2017 16:11
Իշխանությունը վերահսկում է միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. Վահրամ Բաղդասարյան
«Յուրաքանչյուր քաղաքական ուժի եթե հարցում անեք, կասեն՝ «մենք միակ ուժն ենք, որ չենք վերահսկվում իշխանութան կողմից»: Իշխանությունը միայն վերահսկում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Սամվել Բաբայանի հայտարարություններին, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը միակն ուժն է, որը վերահսկողությունից դուրս է։
«Իշխանությունը որևէ մեկին վերահսկելու կարիք բացարձակ չունի, ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ քաղաքական դաշտը, ի դեմս ընդդիմության, կայանա», - նշեց նա։
Անդրադառնալով պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը՝ թե «բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել», Վահրամ Բաղդասարյանը նշեց՝ ցավում է, որ այսօր քաղաքական դաշտում բոլորն իրար վրա ցեխ են շպրտում, որպեսզի իրենց տեղը գտնեն։
«Այ դա է մեր ցավը, որ ընդդիմադիր դաշտը մինչև այսօր չի կայանում։ Ես չգիտեմ ինչ անենք, որպեսզի իրենք կարողանան ճիշտ ճանապարհով գնալ, կարողանան իրենց ընդդիմադիր կեցվածքն ու կերպարը պահեն՝ առանց մեկը մյուսին վիրավորելու: Ես դեմ եմ նման տիպի ցեխ շպրտելով իրենց տեղը գտնողներին և բոլորին է սա վերաբերվում», - ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
«ՀՀԿ-ին արդեն մոռացել են, իրենց տեղը փնտրում են իրար վրա ցեխ շպրտելով, սա լավ երևույթ չէ, բայց նախընտրական կրքեր են, պրոցեսներ են, ապրիլի 2-ից հետո ամեն ինչ կկարգավորվի», - հավելեց Վ. Բաղդասարյանը։