22/02/2017 16:40
Մենք ո՛չ Սամվել Բաբայանի դեմ ենք պայքարում, ո՛չ Սեյրան Օհանյանի, պարզապես քաղաքական կոռեկտություն է պետք ունենալ. Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Սեյրան Օհանյանի ու Սամվել Բաբայանի հայտարարությունները՝ ևս մեկ անգամ հիշեց Բիսմարկին՝ «Երբեք այդքան իրականությունից հեռու սուտ հայտարարություններով հանդես չեն գալիս, ինչքան պատերազմի ժամանակ, ընտրություններից առաջ և որսից հետո»։
- Պարոն Շարմազանով, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ ընդդիմադիր դաշտում միակ չկառավարվող ուժը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է, որը իշխանության հսկողության տակ չէ:
- Սեյրան Օհանյանը ինքն է որոշում ինչ ասել, ինչ չասել։ Իշխանության վերահսկողության ներքո որևէ ուժ չկա, իշխանությունը արհեստական ուշադրութուն ստեղծելու ոչ նպատակ ունի, ոչ էլ ցանկություն։ Սեյրան Օհանյանի ասածին պետք է արձագանքեն այն ուժերը, որոնց որ ուղղել է։
- Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել: Ձեր մեկնաբանությունը:
- Առաջին անգամ չէ, որ ձեր նշած գործիչը ասում է բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ի՞նչը պայմանավորվենք, ընտրական օրենսգիրքը բարեփոխել ենք, որ պայմանավորվե՞նք: Դա հայտարարություն է, որը նույնիսկ արձագանքելու ենթակա չէ, ի՞նչը դրա մեկնաբանենք։
- Այդ դեպքում, ի՞նչն է ստիպել Սամվել Բաբայանին նման հայտարարություն անել։
- Ընտրական շրջան է, անում են էլի։ Պայմանավորվել, ով որ պայմանավորվել է, թող անունը տա, կամ ի՞նչն ենք պայմանավորվել։ Ժողովուրդը կգա ընտրության, կա ընտրական օրենսգիրք, ապրիլի 2-ին բացառապես ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ինչպիսի քաղաքական ներկապնակ կունենանք պառլամենտում և գլխանց արդեն անհաջողությունների պատճառները թող ուրիշների վրա չտան։
Այսօր ընտրական օրենսգիրքը կոնսոլիդացիոն ընդունման պայմաններում, ինչպես ասում էր նաև Լևոն Զուրաբյանը, որի հետ ես համամիտ եմ ու նաև շատ ընդդիմադիր գործիչներ, անհնար է գործնականում որևէ կեղծիք կատարելը։ Ով ինչ է ասել, ով ոնց է ասել... Ես միշտ Բիսմարկին եմ հիշում ու հազար անգամ ասում՝ «երբեք այդքան իրականությունից հեռու սուտ հայտարարություններով հանդես չեն գալիս, ինչքան պատերազմի ժամանակ, ընտրություններից առաջ և որսից հետո»։
Սեյրան Օհանյանը, Բաբայանը, Օսկանյանը, Պողոսյանը, թե Պետրոսյանը ինչ հայտարարություն կանեն, դա իրենց խնդիրն է, իրենց իրավունքն է, ամեն ինչի դատավորը ժողովուրդն է։ Մենք ոչ Սամվել Բաբայանի դեմ ենք պայքարում, ոչ Սեյրան Օհանյանի, ոչ էլ որևէ մեկի։ Պարզապես քաղաքական կոռեկտություն, քաղաքական հարգանք պետք է ունենալ օրենքների նկատմանբ։