24/02/2017 10:42
Ամբողջ պարագլուխը միլիցիայի վարչության պետն ա. ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը մեկնաբանում է շտաբում տեղի ունեցած «ծեծուջարդը»
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հերքում է, թե իր մասնակցությամբ երեկ երեկոյան միջադեպ է եղել Մասիս քաղաքում։
«Ես երեկ Հրազդանի ձորում միջոցառման եմ եղել կնոջս հետ, որտեղ 400 մարդ կար։ Եկել եմ, այդ բանը լսել եմ, ասել եմ՝ գնամ շտաբ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրադ Մուրադյանը։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, երեկ բախում է եղել Արարատում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջև, միջամտել են նաև ոստիկանները։
«Ես էլ ձեզ նման լսել եմ, մանրամասն չեմ իմանում։ Իսկ թե պարագլուխներն ովքեր են, ո՞վքեր են վերջին ամիս, ամիսուկեսում թեժացնում, բոլորդ էլ գիտեք, հետաքրքրվեք, գրեք։ Եթե մնացածը մանրամասն իմանամ, կասեմ», - ասաց Մուրադ Մուրադյանը։
Դիտարկմանը՝ եթե ոչ անձամբ իր, այլ, գուցե, իր նախընտրական շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ է եղել միջադեպը, Մուրադյանն արձագանքեց. «Գնամ, հետաքրքրվեմ, իմանամ։ Մի ամիս ա էդ ա, մի ամիս ա նախաձեռնում են, հրահրում են, թող գնան, իմանան ովքեր են»։
Մուրադյանն ասաց նաև, թե ինքը իրավապահ մարմին չէ, ու ավելացրեց. «Ամբողջ պարագլուխը միլիցիայի վարչության պետն ա և մնացածը»։