10/03/2017 12:53
ՕՐՕ դաշինքը կբարձրացնի երեխաների ծննդյան միանվագ նպաստները. նախընտրական խոստումները շարունակվում են
Ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել, որի համար ռեսուրսների պակաս ՕՐՕ դաշինքը չունի, այս մասին դաշինքի՝ Հրազդանում կազմակերպած քարոզարշավի ժամանակ հայտարարեց նախկին ԱԳՆ, դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Վարդան Օսկանյանը
«Ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել: Հավատացեք դրան, ես գիտեմ, որ այս տարիների ընթացքում դուք հիասթափվել եք անընդհատ, բայց այդ հույսը երբեք չպետք է մեռնի: Դա իշխանության ցանկությունն է», - նշեց նա:
Օսկանյանի խոսքով՝ եթե իշխանության գան մարդիկ, որոնք տեսլական ու փորձ ունեն, ապա կփոխեն իրավիճակը:
«Թող ոչ ոք ձեզ չհամոզի հակառակի մեջ: Նրա մեջ, որ այսօրվա մեր իրավիճակը օբյեկտիվ պատճառներով է: Ոչ, սուտ է, մի հավատացեք, թե այս ամենի պատճառն այն է, որ փոքր երկիր ենք, ռեսուրսներ չունենք, շրջափակման մեջ ենք, որ ԼՂ խնդիր ունենք: Այսօրվա մեջ այս իրավիճակի խնդիրը իշխանության տեսլականի մեջ է», - ընդգծեց նա:
Իր ելույթում Օսկանյանը հատկապես շեշտեց դաշինքի պատրաստակամությունը՝ բարձրացնելու աշխատավարձերը, մասնավորապես, զինծառայողների: Օհանյանը նաև վստահեցրեց, որ դեմոգրաֆիկ խնդիրներ լուծելու նպատակով դաշինքը պատրաստ է ամեն երեխայի ծննդյան դիմաց միանվագ բարձր նպաստներ տրամադրել:
«Ամեն երեխայի համար 100 հազար դրամ կտրամադրվի: Երկու երեխայի դեպքում 500 հազար, երեքի դեպքում՝ 1 մլն դրամ, 4 երեխայի դեպքում ոչ միայն 2 մլն դրամ, այլ ընտանիքի համար 3 մլն արժողության հիմնադրամ բացել», - եզրափակեց նա: