11/03/2017 12:35
Ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել քարոզարշավի մեջ. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին՝ ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ։
«Վե՛ր կանգնեք դրանից. որևէ ձայն կամ մանդատ չարժե նման արարք թույլ տալու համար։ Մե՛նք պետք է շնորհակալություն ասենք այդ ծնողներին, և ոչ թե իրենք՝ այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին։ Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցություններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ-ից, նման բան այլևս թույլ չտալ։ Ես սա ասում եմ որպես մարդ, որ իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը։
Ես սա ասում եմ որպես մարդ, որը առաջին գծում իր մարտական ընկերների հետ ամեն վայրկյան պատրաստ է եղել զոհելու իր կյանքը։ Ես սա ասում եմ որպես մարդ, որը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար։ Եվ վերջապես՝ ես ասում եմ որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց ու հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանելու մեր հայրենիքը», - Facebook-յան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարարը։