20/03/2017 12:26
Հայաստանին պետք է ոչ թե լավ թմբուկ նվագող, լայն ժպիտով ու անեկդոտներ պատմող, այլ՝ օր ու գիշեր աշխատող վարչապետ. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ընտրություններից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կհեռանա։
«Վարչապետը, ինչպես քաղաքապետ եղած ժամանակ, ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, 2018 թվականին, եթե Հանրապետականը մնա, կասի Մոսկվայում էլի բարձր աշխատավարձ ունեմ, վարչապետի աշխատավարձը ցածր է», - Աշտարակում քարոզարշավի ժամանակ ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ «մարդը 120 հազար դոլարանոց աշխատավարձ է ստանում «Գազպրոմ»-ից, ինչի՞ն է պետք մնա»։
«Ասելու է՝ ես գնացի բարձր աշխատավարձի, սա է իրականությունը», - նշեց նա։
Ա. Մարտիրոսյանը հավելեց՝ Հայաստանին պետք է օր ու գիշեր աշխատող վարչապետ։
«Հայաստանին պետք է վարչապետ, որ ոչ թե լավ թմբուկ նվագի, լայն ժպտա, հատկապես կանայք, կարծեք թե, սիրում են այդ ժպիտը, այլ պետք է վարչապետ, որ օր ու գիշեր աշխատի, ոչ թե անեկդոտներ պատմի», - ընդգծեց նա։