20/03/2017 11:25
Արթուր Սարգսյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները հանդես կգան հայտարարությամբ
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պատրաստվում են առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ, որում կներկայացվի իրավիճակը ամենայն մանրամասնությամբ: Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
«Ինձ թվում է՝ ճիշտ չի լինի հայտարարությունից առաջ որևէ առանձին լրատվամիջոցի տեղեկություններ տալ: Մի տեսակ անհավասար վերաբերմունք կստացվի», - ասաց Տ. Եգորյանը:
Հիշեցնենք՝ տուժող կողմի ներկայացուցիչները միջնորդել էին վարույթն իրականացնող մարմնին՝ միջազգային փորձագետներին փորձաքննությանը մասնակից դարձնելու վերաբերյալ:
«Մենք կողմին խնդրել ենք հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել իրենց իսկ առաջարկած փորձագետների մասնակցությունը: Հիմա աշխատանքային կարգով քննարկում ենք իրենց հետ, որպեսզի ապահովեն փորձագետների ներկայությունը», - Aysor.am-ին տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Aysor.am-ը կապվել էր վրացի փորձագետ բժշկական փորձագետ Դավիթ Գոնգոլիայի հետ, ով ասել էր հետևյալը. «Ոչ, ես չեմ եկել։ Ես պատրաստ էի մասնակցել։ Ինձ զանգահարեց փաստաբանը ու էլի ինչ-որ մեկը։ Բայց հետո չզանգահարեցին, ես սպասում էի։ Չգիտեմ՝ ինչ են որոշել, ինչպես են որոշել»:
Նաև հավելել էր. «Երևի, համաձայնություն չկար։ Չեմ կարող ոչինչ ասել։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ ես չեմ մասնակցում։ Թե ինչո՞ւ, ի՞նչ որոշում են նրանք ընդունել, ես չգիտեմ»: