28/03/2017 12:09
Հանրապետական կուսակցությունը գրեթե 8 տոկոսային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին». ВЦИОМ
Փետրվարի համեմատ մարտին անցկացված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հասարակության մոտ տեղեկացվածության մակարդակը բարձրացել է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) գլխավոր կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը։
Ներկայացնելով կենտրոնի անցկացրած երկրորդ հարցման արդյունքները, որին մասնակցել է 1600 մարդ՝ (մարտի 17-24-ը)՝ Վ. Ֆյոդորովը նշեց, որ քարոզարշավը այկտիվ և արդյունավետ է ընթանում, իսկ հասարակության 65 տոկոսը մասնակցելու է ընտրություններին:
ВЦИОМ-ը չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշները, այլ առանձին ընտրատարածքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները՝ հաշվարկելով կուսակցությունների և դաշինքների վարկանիշները՝ իրական ընտրական ընթացակարգով։
«Ընտրությունների նախաշեմին սրվել է պայքարը առաջատար կուսակցությունների՝ «Ծառուկյան» դաշինքի (22 %) և ՀՀԿ-ի (21 %) միջև, որոնց վարկանիշները գործնականորեն հավասարվել են՝ տարբերությունն ավելի փոքր է, քան ընտրանքային սխալը, իսկ ՀՀԿ-ն զգալիորեն ավելացրել է իր մասին տեղեկացվածությունը՝ 44 %-ից հասցնելով 57 %-ի: Հաշվի առնելով առաջադրված թեկնածուների հայտնած նախապատվությունները ՀՀԿ-ն հավաքում է 44%, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36%: Այս դեպքում ՀՀԿ-ն գրեթե 8 տոկոսային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին», - ընդգծեց նա:
Համաձայն նոր տվյալների՝ 5% ձայների շեմը հաղթահարում են նաև ՀՅԴ-ն, ԵԼՔ դաշինքը և ՀՎԿ-ն, մնացած քաղաքական ուժերը խորհրդարանում հայտնվելու հայտ չեն ներկայացնում: