30/03/2017 16:16
Եթե ՀՀԿ-ն իր արսենալում չունենա ընտրակեղծարարության նոր էլեմենտներ, ապա «Ծառուկյան» դաշինքը կստանա բացարձակ մեծամասնություն. Նաիրա Զոհրաբյան
Եթե Հանրապետական կուսակցությունը իր արսենալում չունենա ընտրակեղծարարության նոր մոդիֆիկացված էլեմենտներ, ապա «Ծառուկյան» դաշինքը ստանալու է ընտրողների բացարձակ մեծամասնությունը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց «Ծառուկյան» դաշինիքը ներկայացնող պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նա անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը հնարավոր կոալիցիա ձևավորելու մասին և հստակեցրել, որ Ծառուկյանն ասել է՝ եթե ստանան ձայների 50+1 տոկոսը, ապա իրենք կորոշեն, թե որ քաղաքական ուժերի հետ կձևավորեն կոալիցիա:
«Որևէ լոգիկա չկա, որ հիմա, երբ երկիրը հասցված է ծայրահեղ վիճակի և բոլոր ոլորտներում կատարյալ ձախողում է, հանկարծ «Ծառուկյան» դաշինքը ապրիլի 3-ին գնա կոալիցիա և իր վրա վերցնի ու կրի պատասխանատվություն երկիրը այս վիճակի հասցրած իշխանության համար», - ասաց Զոհրաբյանը:
Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին, Զոհրաբյանը նախ նշեց, որ իրենց համար նշանակություն չունեն դրանց արդյունքները, այնուհետև նշեց. «Չբացառեք, որ բացարձակապես այլ պատկեր տեսնենք խորհրդարանում»:
Պատգամավորի թեկնածուն սոցիոլոգիական հարցումներ հրապարակած The Gallup Organization կազմակերպությանը որակեց «չինական Գելափ», չնայած այն բանին, որ նախընտրական քարոզարշավի սկզբում այս կազմակերպությունը մեծ վարկանիշ էր ներկայացրել «Ծառուկյան» դաշինքի համար:
«Մենք ոչ թե 26-29 տոկոս ունեինք, ինչպես գրել էին նրանք, այլ ավելին: Այդ թվերը մեզ համար արժանահավատ չեն, և Ծառուկյանի և «Ծառուկյան» դաշինքի հանդեպ վստահությունը ավելին է», - ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ սոցհարցումներ ներկայացրած կազմակերպությունները աշխատում են իշխանությունների պատվերով: