31/03/2017 13:34
Սամվել Բաբայանի կալանավորումը անհիմն է. ներկայացվել է վերաքննիչ բողոք
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը բողոքարկել է երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
«Վերաքննիչ դատարանին ներկայացրած իմ բողոքում ես պնդել եմ, որ Սամվել Բաբայանին կալանավորելու համար չկան հիմնավոր կասկածներ և առաջին ատյանի ընդունած որոշումը անհիմն է», - Aysor.am-ին տեղեկացրեց փաստաբան Քալաշյանը:
Նրա խոսքով՝ առայժմ հստակ չէ, թե Վերաքննիչ դատարանը երբ կքննի բողոքը, բայց, ըստ ընթացակարգի, դրա համար պահանջվում է տասնօրյա ժամկետ:
Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը:
Նրանց բոլորին առաջադրվել է միևնույն մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրիք 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»: