02/04/2017 11:23
Հանրապետական հիվանդանոցում կուտակումներ են. կախված ցուցակի և ընդհանուր ցուցակի ընտրողների անունները չեն համապատասխանում (Լուսանկարներ)
Հանրապետական հիվանդանոցում այսօր առավոտից կուտակումներ են, հիվանդները չեն կարողանում քվեարկել ցուցակներում եղած անճշտությունների պատճառով:
ՀՅԴ վստահված անձ Գենադի Ղազարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կուտակումներն առաջանում են այն պատճառով, որ կախված ցուցակի և ընդհանուր ցուցակի եղած անունները չեն համապատասխանում:
«Հիվանդանոցում շատ դժվար է, որովհետև ցուցակները իրար չեն բռնում՝ կախված ցուցակը չի համապատասխանում եղած ընդհանուր ցուցակին, բայց մի քանի ընտրողի անուն հետո գտանք ընդհանուր ցուցակում», - ասաց նա:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի վստահված անձ Հրաչյա Աղաբեկյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ, բաժնի վարիչների պնդմամբ, իրենց տված ցուցակների հաջորդականությունը խախտված է, դրա համար էր կուտակումներ են առաջացել:
«Շրջիկ արկղով այստեղ գտնվող տեղամասի աշխատողի ընդհանուր ցուցակում 400-ից ավելի ընտրողի անուն կա: Յուրաքանչյուր մարդու փնտրելիս՝ նա ստիպված է թերթել ամբողջ ցուցակը, դրա համար էլ կուտակումներ են առաջացել», - հայտնեց նա:
Հանձնաժողովի աշխատակիցները կուտակումներին վերջ տալու համար որոշեցին պատճենել ընդհանուր ցուցակը և մի քանի հոգով համեմատել ընդհանուր ցուցակի և կախված ցուցակի անունները:
Ընտրությունը վերսկսվելուց հետո վստահված անձանցից ոմանք դրսում կարդում են կախված ցուցակում եղած անուն-ազգանունները, համեմատում ընդհանուր ցուցակի հետ և մարդկանց թողնում ներս՝ ընտրության:
Հրաչյա Աղաբեկյանը հավելեց նաև, որ գործընթացն ավելի հեշտացնելու համար, բոլոր այն հիվանդները, ովքեր դժվարությամբ են տեղաշարժվում, կքվեարկեն իրենց հիվանդասենյակներում:
Aysor.am-ի թղթակիցը թիվ 6/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Դավթյանից տեղեկացավ, որ հիվանդանոցում ընտրելու է 451 ընտրող:
Նշենք, որ նախապես պլանավորված էր շրջիկ քվեատուփը ժամը 10:00-ին բերել Հանրապետական հիվանդանոց, բայց հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ստիպված են եղել ժամը 9:00-ին այն տեղափոխել հիվանդանոց, որովհետև քվեարկող հիվանդները շատ են և, հնարավոր է, ընտրությունները տևեն առնվազն մինչև ժամը 18:00-ն: