06/04/2017 20:10
Times. Բրիտանիայի կառավարությունն ստեղծում Է օլիգարխների անշարժ գույքի՝ աշխարհում առաջին գրանցամատյանը
Անանուն ընկերությունների հետևում թաքնվող օլիգարխները, որոնք Մեծ Բրիտանիայում ունեն միլիարդավոր ֆունտ ստեռլինգների արժողության շքեղ տներ և կալվածքներ, ստիպված կլինեն հայտնել իրենց անունները կոռուպցիայի դեմ պայքարի նոր կանոններին համապատասխան: Միացյալ Թագավորության կառավարության պլանը ենթադրում է բրիտանական անշարժ գույքի օտարերկրացի հարուստ սեփականատերերի հայտնաբերումը, որոնց հիմնական գործարարությունը գտնվում է արտասահմանում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Times թերթին:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը որոշել է ստեղծել աշխարհում առաջին նման գրանցամատյանը: Այնտեղ կնշվեն օլիգարխների, օտարերկրացի կառավարական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անուններն ու ազգանունները, որոնք ընկերություններն օգտագործել են Լոնդոնում թանկ տների գնման համար՝ դրանով իսկ ազդելով անշարժ գույքի տեղական շուկայի վրա:
Այդ քայլին, ինչպես տեղեկացրել են Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունից, թույլ կտա բարձրացնել անշարժ գույքի շուկայի թափանցիկությունը, հատկապես Լոնդոնի կենտրոնական շրջաններում, կնպաստի հետևելու անօրինական ճանապարհով ստացված կապիտալի հոսքինևւ փողերի լվացման դեմ պայքարին:
Վերջին տվյալով՝ Անգլիայում և Ուելսում արտասահմանյան ընկերություններին է պատկանում 122 միլիարդ ֆունտ ստեռլինգ (152 միլիարդ դոլար) արժողությամբ անշարժ գույք: Ընդ որում անշարժ գույքի 160 օբյեկտներ, որոնք գնահատվում են 4.4 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ձեռքից ձեռք են անցել գաղտնի գործարքների հետևանքով: