26/04/2017 15:43
ՍԱՊԾ-ն կամ միտումնավոր թաքցնում է իրականությունը, կամ չի տիրապետում իրացման շուկայում տիրող իրավիճակին
Շուկայում ադրբեջանական խնձորների վաճառքի մասին ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հայտարարությունում, որը տարածվեց երեկ, մի ուշագրավ դրվագ կար: Այնտեղ նշվում էր հետևյալը. «…հաշվի առնելով, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել և Ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը՝ սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք ձեռքբերելուց և նման դեպքեր արձանագրելու դեպքում տեղեկացնել թեժ գծին»:
Սակայն Հայաստանում գործող իրավական ակտերը ապացուցում են հակառակը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է երաշխավորի Հայաստան ներմուծվող սննդամթերքի անվտանգությունը անգամ եթե դա մաքսանենգ ճանապարհով է ներկրված:
Այսպես, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենք սահմանում է, որ «սահմանային պետական վերահսկողություն իրականացվում է վերահսկող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող և արտահանվող (վերաարտահանվող) սննդամթերքի, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկով սահմանված սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին (արտահանման և վերաարտահանման դեպքերում` նաև ներմուծման երկրի սահմանած պահանջներին) համապատասխանությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դրանց ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանն ուղղված վերահսկողական միջոցառումների համալիր, իսկ անհամապատասխանության դեպքում` կանխելուն ուղղված վերահսկողական միջոցառումների համալիր»:
Նույն օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է Բուսասանիտարական կարանտին հսկման ենթակա ապրանքների սահմանային պետական վերահսկողությունը, ինչն իրականացվում է բուսասանիտարական պահանջներին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքի համապատասխանությունը ստուգելու համար:
Նույն հոդվածի համաձայյն՝ բուսասանիտարական կարանտին սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է հետևյալ հիմնական միջոցներով`
1) փաստաթղթային ստուգում.
2) տրանսպորտային միջոցների զննում.
3) բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների զննում.
4) բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ստուգազննում:
Հոդվածի 3-րդ կետով՝ բուսասանիտարական կարանտին սահմանային պետական վերահսկողության ենթակա է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ վերահսկողության ենթակա են Հայաստանի պետական սահմանը հատող բոլոր ապրանքատեսակներ ներկրողները:
Կառավարությունն ունի այս օրենքից բխող որոշում (թիվ 702 –N, ընդունված 2011թ մայիսի 12-ին), որը սահմանում է սահմանային վերահսկողության իրականացման հաջորդականությունը և իրավասությունը. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է պետական սահմանով բաց թողնվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարահամաճարակային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապրանքների անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն:
Նույն որոշմամբ, ավտոմոբիլային և երկաթուղային անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի Հայաստանի Հանրապետություն մուտքի դեպքում`
ա. սանիտարական-կարանտինային վերահսկողություն (անհրաժեշտության դեպքում),
բ. սահմանային վերահսկողություն,
գ. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,
դ. մաքսային հսկողություն.
2) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում`
ա. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,
բ. մաքսային հսկողություն,
գ. սահմանային վերահսկողություն:
18. Օդային անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի Հայաստանի Հանրապետություն մուտքի դեպքում`
ա. սանիտարական-կարանտինային վերահսկողություն (անհրաժեշտության դեպքում և միայն անձանց նկատմամբ),
բ. սահմանային վերահսկողություն,
գ. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,
դ. մաքսային հսկողություն.
2) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում`
ա. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,
բ. մաքսային հսկողություն,
գ. սահմանային վերահսկողություն,
դ. ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության հսկողություն:
Սահմանային վերահսկողության Մեկ պատուհանի մեխանիզմի ներդնումը չի փոխել այս հաջորդականությունը, այսինքն, ՍԱՊԾ-ն կարող էր գործողություններ իրականցնել, և բեռը մաքսային մարմինների ուշադրությունից դուրս մնար:
Հաշվի առնելով, որ ՍԱՊԾ-ն հանրությանը տեղեկատվություն չի տրամադրում նախորդ 3 օրերին առկա իրավիճակի, ինչպես նաև հայտնաբերված մթերքի վտանգավորության աստիճանի մասին, ակամա եզրակացնում ես, որ ՍԱՊԾ-ն կամ միտումնավոր թաքցնում է իրականությունը, կամ չի տիրապետում իրացման շուկայում տիրող իրավիճակին: Երկու դեպքում էլ առկա է պետական լիազոր մարմնի անգործություն՝ անվտանգության ապահովման մեջ: