27/04/2017 13:27
ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից է ձերբակալվել
Այսօր սկանդալային ձերբակալում է տեղի ունեցել. ձերբակալվել է ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից, հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ քրեական գործով հաստատվել էր, որ հափշտակվել էր մոտ 135 հազար եվրո։ Ավելի վաղ տեղեկացվել է նաև, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ։