20/05/2017 11:42
Հրայր Թովմասյանի կարծիքով՝ ընտրակաշառքը կվերանա, եթե բարձրանա հասարակության քաղաքական, իրավական մշակույթը (Տեսանյութ)
ԱԺ Ելք խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության հարցը, նկատեց, որ Հայաստանում ձևավորվել է մի համոզմունք, որ կա ընտրական կաշառքի համակարգված բնույթ:
«Ինչպե՞ս եք պատարստվում սրա դեմ պայքարել», - Թովմասյանից հետաքրքրվեց Զեյնալյանը:
Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը նկատեց, որ լավ ընտրություններ անցկացնելու հարցում կարևոր նշանակություն ունի հասարակության քաղաքական, իրավական կուլտուրան՝ ինչ աստիճանի է, ինչպես է հասարակությունը ընկալում, հասկանում ընտրությունների գինը, այն մարմնի դերն ու նշանակությունը, որը պետք է կազմավորվի:
«Որքան ուզում ենք օրենսդրությունը փոխենք, եթե այս ոլորտում դեռ խնդիրներ ունենք, դրանք որոշակի դրսևորումներ ունենալու են: Ուստի մեր առջև ծառացած հաջորդ խնդիրը, որը հատուկ է ոչ միայն Հայաստանին, հասարակության քաղաքական, իրավական մշակույթի աստիճանի բարձրացումն է, որպեսզի մենք ընդհանրապես այդ ոլորտում խնդիրներ չունենանք», - հավելեց պատգամավորը: