06/06/2017 15:39
Դարձյալ մերժում. Սամվել Բաբայանը շարունակում է պնդել, որ իր գործում քաղաքական ենթատեքստ չկա
Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ անգամ մերժել է «Իգլա»-ի տեղափոխման գործով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պաշտպանական կողմի դիմումը: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Հիշեցնենք՝ սա Վերաքննիչ դատարանի կողմից երկրորդ մերժումն էր. մայիսի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սամվել Բաբայանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դրանից հետո պաշտպանական կողմը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան: Ավետիս Քալաշյանը Aysor.am-ին ասաց, որ պատրաստվում են բողոք ներկայացնել նաև Վճռաբեկ դատարան:
«Իմ գնահատականները չեն փոխվել: Եթե բողոքարկել եմ, ուրեմն գտել եմ, որ անհիմն է դատարանի որոշումը: Այն հիմնավորումները, որ բերվում են նախաքննական մարմնի որոշումներում, հիմքեր չունեն», - ասաց փաստաբանը՝ պնդելով, որ Սամվել Բաբայանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Նախկինում փաստաբանը հայտարարել էր, որ եթե շարունակեն մերժել բողոքները, պաշտպանական կողմը կարող է փոխել դիրքորոշումը և հայտարարել, որ այս գործում քաղաքական ենթատեքստ կա:
«Առայժմ ես նախկինում արված իմ պնդումները չեմ կարող փոխել, որովհետև սա բնական պրոցես է: Այնպես չէ, որ հենց չենք համաձայնում մեղադրանքի հետ, նախաքննական մարմինը անմիջապես պետք է համաձայնի մեզ հետ ու վերացնի մեղադրանքը: Իրավաբանական ուժի «կռիվ է գնում», տեսնենք՝ որ մի կողմն է ապացուցում իր դիրքորոշումը», - ի պատասխան՝ ասաց Քալաշյանը:
Նրա խոսքով՝ այս քրեական գործով նախաքննության շրջանակներում Սամվել Բաբայանի հետ այլ քննչական գործողություններ չեն իրականացվել: Փաստաբանն ասաց, որ նախաքննության վերջը չի երևում և հայտնի չէ, թե երբ կավարտվի:
Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը:
Նրանց բոլորին առաջադրվել է միևնույն մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»: