07/06/2017 15:49
Հենց դաշնակցական պատգամավորի հայտարարությունը հայեցի չէ. Մանե Թանդիլյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին վրդովեցրել էր Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հայտարարությունը, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ազդարարի մասին նախագիծը «գործ տալու» ինստիտուտ է:
«Խոսել մարդկանց մասին, ովքեր նախատեսում են, որ կարող են լինել ազդարարներ կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում, նրանց անվանել գործ տվող և համարել, որ դա հայեցի չէ, ես համարում եմ, որ հենց դա հայեցի չէ», - այսօր ԱԺ արտահերթ նիստում հակակոռուպցիոն օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց Մանե Թանդիլյանը:
Պատգամավորի համար տարօրինակ է, թե ո՞րն է հայեցիությունը, կոռուպցիան թաքցնե՞լը:
«Ո՞րն է հայեցի լինելը, երբ տեսնում ես կոռուպցիոն դեպք, ջայլամություն անե՞լ, երբ տեսնում ես կոռուպցիոն ռիսկեր, փաստեր և հնարավորություն այդ մասին խոսելու, բայց ջայլամություն անել, որովհետև դա հայեցի չէ՞, ամո՞թ է, անպատվաբե՞ր է», - հարցեր հնչեցրեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ հակառակը, պետք է այնպես անել, որ մարդիկ մասնակցություն ունենան կոռուպիցոն դեպքերի բացահայտման հարցում:
«Կոռուպցիային պետք է վերաբերվել որպես պետական դավաճանություն և այդ առումով հանրությունը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա ու պայքարի այդ արատի դեմ: Եթե եվրոպական արժեք ասելով մենք հասկանում ենք պայքար կոռուպցիայի դեմ, ապա, այո՛, եվրոպական արժեքները պետք է կիրառենք այստեղ ու լինենք դրանց կրողը», - հավելեց պատգամավորը՝ կոչ անելով հասարակությանը մասնակցել այս համակարգի կայացմանը և հաղորդում տալ կոռուպցիոն դեպքերի մասին: