15/06/2017 12:13
ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավեն քաղհասարակության ներկայացուցիչներ. Սվիտալսկի
«Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկին անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության և ընդդիմության միջև ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին, ասաց, որ դրանք հաջող են անցել ու հավելեց.
«Կոնսենսուսը «Ընտրական օրենսգրքի» շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որ չընդունվեցին, դա այսպես կոչված ռեյտինգային ցուցակներն էին: Հայկական կողմը պետք է որոշի՝ արդյոք այդ ցուցակները աշխատեցին, թե ոչ: Եկեք իլյուզիաներով չտառապենք, սա բավականին լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը դրա վերաբերյալ, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը: Իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունը օգտվի, իր շահերին ծառայի»:
Նա հորդորեց Հայաստանի իշխանություններին բարելավել «Ընտրական օրենսգիրքը», քանի որ հենց ընտրությունները ցույց տվեցին, որ բարելավման տեղ կա:
Դեսպանի մյուս հորդորը վերաբերում է այդ փոփոխություններն անելու ոճին. «Դա արեք փոխըմբռնման ոգով»:
Սվիտալսկին կարևորեց ընտրական ինստիտուտների արժանահավատությունը, ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունավետ է աշխատել, սակայն դա քիչ է:
«Այստեղ հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չի, այլ՝ արժանահավատությունը: Խոսքը չի գնում միայն փաստերի մասին, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավեն քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույցը», -հայտարարեց նա: