20/06/2017 12:56
ԵՄ-ն աջակցել է ընտրական գործընթացին՝ Հայաստանի բաց խնդրանքով. ԵՄ դեսպանի արձագանքը
Նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը, խորհուրդ կտամ մարդկանց ստուգել, թե ինչ է ասվել, ճշտել աղբյուրները, լսել ձայնագրությունները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու դրան հաջորդած իր հայտարարության արձագանքներին։
«Ուզում եմ ասել, ես չեմ հաղորդել ու չեմ հաղորդի ուղերձներ իշխանավորներին, հանրային հայտարարությունների միջոցով։ Հանրային հայտարարությունը հանրության համար է», - ասաց Պ.Սվիտալսկին։
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց դրսևորած աջակցության համար: «Մարդիկ այս օրերին զանգահարում էին մեր գրասենյակ, ու արտահայտում իրենց շնորհակալությունը։ Սովորաբար նրանք զանգահարում ու աջակցություն էին խնդրում», - նշեց Սվիտալսկին։
Ինչ վերաբերում է ԵՄ կողմից ընտրական գործընթացին աջակցելուն, Պ.Սվիրտալսկին վերահաստատեց՝ ԵՄ-ն տրամադրել է ավելի քան 7 մլն եվրո։
«Առանց այդ ֆինանսական աջակցության, նոր տեխնիկական միջոցները հնարավոր չէին լինի, բայց պիտի ասեմ, որ մեր աջակցությունը ֆինանսականից էլ ավելի էր։ Գուցե վաղ է դրա մասին խոսել հանրայնորեն, բայց կարելի է ասել, որ ֆինանսական աջակցությունը մեր աջակցության ամենափոքր մասն էր կազմում։ Հիմա ես ուզում եմ շատ ուժեղ շեշտել՝ մենք դա արեցինք Հայաստանի բաց խնդրանքին ի պատասխան։ Երբեք չենք ստիպել կամ պարտադրել, եթե մեր աջակցությունը անհրաժեշտ չէ, չենք աջակցի։ Բայց ուզում եմ նշել, որ մեր աջակցության շնորհիվ էր, որ բարելավվում արձանգրվեց», - ասաց Պ.Սվիտալսկին, ընդգծելով, որ ԵՄ-ն մեծապես հարգում է Հայաստանի սուվերենությունը։
«Ոչ մի բան ձեր կամքի դեմ։ Իմ ասածները շատ բարեկամական են ու սիրալիր ոգով էին», - ասաց Պյոտր Սվիտալսկին։
Ավելի վաղ ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտարարել էր, որ ԿԸՀ կազմում պետք է ներգրավված լինեն քաղհասարակության ներկայացուցիչներ:
Պյոտր Սվիտալսկին նաև քննադատել էր ՀՀ-ում տեղի ունեցած վերջին ընտրությունները:
Իր հերթին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր. «ԿԸՀ կազմը պետք է փոխվի, թե չէ, դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը ԱԺ-ն է որոշում: Եթե Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, դա փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից՝ դա բարի նպատակներով է արվում, թե ոչ», - հավելեց Դավիթ Հարությունյանը: