15/06/2017 12:20
Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունները
Ընտրական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտեն ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկիի՝ ռեյտինգային ընտրական համակարգի մասին արված քննադատությանը:
«Համապատասխան ոլորտի ներկայացուցիչներից ամենաբարձրը, որին ես գիտեմ, Վենետիկի հանձնաժողովն է: Այն տվել է իր եզրակացությունը, և այն, որ մեր կողմից ընդունված համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիիներին, փաստարկված է: Այն բարդ է, որովհետև փորձ է արվել մշակել մեխանիզմներ, որոնք, օրինակ, պատշաճ ձևով արտացոլում են ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը խորհրդարանում: Կարելի՞ էր ավելի պարզեցնել ընտրական օրենսգիրքը՝ այո, բայց դա ունենալու էր իր բացասական գինը, և մենք ծանր ու թեթև անելով այդ ուղղությամբ ենք որոշել գնալ», - նշեց նախարարը:
Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ բացասական է վերաբերում այն հայտարարություններին, թե հարկավոր է ԿԸՀ կազմը փոխել, որովհետև այն հասարակության շրջանում վստահություն չունի:
«ԿԸՀ կազմը պետք է փոխվի, թե չէ, դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը ԱԺ-ն է որոշում: Եթե Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, դա փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից՝ դա բարի նպատակներով է արվում, թե ոչ», - հավելեց Դավիթ Հարությունյանը:
ՀՀ-ում ԵՄ դեսպանն այսօր հայտարարել էր, որ ԿԸՀ կազմում պետք է ներգրավված լինեն քաղհասարակության ներկայացուցիչներ:
Պյոտր Սվիտալսկին նաև քննադատել էր ՀՀ-ում տեղի ունեցած վերջին ընտրությունները: