20/06/2017 11:30
Պոլսո Հայոց պատրիարքի 4 հավանական թեկնածու կա (Տեսանյութ)
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ին ժամանելու է Ստամբուլ՝ ստանձնելու իր պարտավորությունները: «ՀայՁայն» պարբերականի գլխավոր խմբագիր Սագօ Արեանը, որը լուսաբանում է Պոլսո Հայոց պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, Aysor.am-ին տեղեկացրեց, որ Բեքչյանը Ստամբուլ ժամանելուն պես պատրաստվում է գումարել առաջին ժողովը ու ձևավորել հանձնաժողով, որը նախապատրաստելու է Պոլսո հաջորդ՝ 85-րդ պատրիարքի ընտրությունը:
«Երբ խոսում ենք Պոլսո պատրիարքության գործընթացի մասին, պետք է ընդգծել, որ ընտրության գործընթացը պետք է լինի Պոլսում գործող 10-յակ եկեղեցիների շուրջ գտնվող մեր հայրենակիցների քվեներով», - ասաց Արեանը:
Նրա խոսքով՝ Բեքչյանի կողմից ձևավորվող հանձնաժողովը պետք է ստուգի, ուսումնասիրի անվանացուցակները և պատրաստի վերջնական ցուցակ, որի հիման վրա Ստամբուլի տարբեր հատվածներում գտնվող հայերը պետք է ընտրեն ներկայացուցիչներ, որոնք էլ իրենց հերթին մաս են կազմելու ազգային եկեղեցական ընտրական ժողովի: Այս ժողովն էլ ընտրելու է Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքին:
«Կա վարկած, որ ամենաշատը 6 ամիս հետո կկարողանանք ականատեսը լինել ժողովի: Պետք է հիշեցնեմ, որ Պոլիսը միակ հայ նվիրապետական աթոռն է, որի ղեկավարը՝ պատրիարքը, ընտրվում է ժողովրդի քվեներով, ժողովրդի ձայնով», - նկատեց Սագօ Արեանը:
Լրագրողը նկատեց, որ այս պահի դրությամբ Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուները 4-ն են՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Վերջինը, նկատենք, ունի Թուրքիայի քաղաքացիություն, ինչը անհրաժեշտ է պատրիարքական ընտրություններին մասնակցելու համար:
Այսօր սպասվում է, որ Արամ Աթեշյանը գրավոր հարաժարականի դիմում կներկայացնի և կհեռանա պատրիարքարանից:
«Այսօր շատ կարևոր օր է Պոլսում, որովհետև այսօր է, որ Արամ Աթեշյանը պետք է գրավոր հրաժարական ներկայացնի, բայց չի բացառվում, որ հապաղումներ լինեն: Անշուշտ, Արամ Աթեշյանը լավ գիտի, որ իրավիճակն այնպիսին է, որ այդ հրաժարականից հետդարձ չկա: Թուրքիայում ապրող հայերը սպասում են այդ հրաժարականին ոչ թե որպես Աթեշյանից ձերբազատվելու միջոց, այլ որպեսզի կարելի լինի հեշտացնել առաջիկա պատրիարքական ընտրությունենրը», - նկատեց Սագօ Արեանը: