21/06/2017 13:23
ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունը հիմքեր չունի. Գևորգ Կոստանյան
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները չեն կարող ազդել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա:
«Դրան մեծ նշանակություն եք տալիս՝ որակելով որպես միջադեպ: Այդ հայտարարությունների հետևանքով ՀՀ-ԵՄ հարաբերությունները չեն տուժի», - խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Խոսելով ԿԸՀ գործունեության հանդեպ արժանահավատության մասին՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ ԿԸՀ կազմավորման կարգը, դրա ինստիտուցիոնալ անկախության երաշխիքները բացարձակ իմաստով ապահովված են:
«Եթե դա հասարակական ընկալման տեսակետից արժանահավատություն չի ներշնչում, որի հիմքերը ես չունեմ, ապա Սվիտալսկու հայտարարությունն իր հիմքերն էլ չունի, որ հիմա գնահատական տամ», - նշեց նա:
Կոստանյանը չհամաձայնեց այն մտքի հետ, որ ԵՄ դեսպանը դիտողություն է արել. «Իսկ ո՞վ է ասում, որ Սվիտալսկին դիտողություն է արել, կարծիք է հայտնել: Դրանք կարծիքների փոխանակում են»:
Անդրադառնալով Պ.Սվիտալսկու առաջարկին՝ ԿԸՀ կազմում քաղհասարակության ներկայացուցիչներ ներգրավելու մասին, Գ.Կոստանյանն ընդգծեց, որ ընտրական իրավունքը որևէ կերպ չի խոչընդոտվում կամ սահմանափակվում միայն այն պատճառով, որ դրանում քաղհասարակությունը ներգրավված չէ:
«Մինչև Սվիտալսկու հայտարարության համար հիմք հանդիսացող հանգամանքները չտեսնեմ, չեմ կարող նման բան ասել», - հավելեց նա: