21/06/2017 10:27
Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. Վահրամ Բաղդասարյան
Օգնություն տալ, չի նշանակում, որ հետո պետք է այդ օգնությունը շահարկել, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու քննադատություններին:
«Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել և մեր քաղաքական խնդիրներին միջամտել: Դիտողությունները մենք ընդունում ենք, քննարկում ենք և որևէ անգամ չենք ասել, որ ամեն ինչ կատարյալ է: Մենք աշխատում ենք», - ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. «Անհնար է այս ընտրական պրոցեսի աճը մյուսների համեմատ չնկատել: Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց այնպիսի քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված, չի կարելի»:
Ըստ Բաղդասարյանի՝ Սվիտալսկու հայտարարություններից կարելի էր հանգել, որ կար ցանկություն ՀՀ ներքին գործերին միջամտելու:
Aysor.am-ի դիտարկմանը, թե չկար արդյոք դեսպանի խոսքում դիտողություն, որից կարելի էր հետևություններ անել,Վ. Բաղդասարյանն ասաց.
«Մենք ցանկացած դիտողությունների, քննադատություններին ականջալուր ենք և ի նկատի ունենում ենք: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ դիտարկումներն ընդունեցինք, ընտրական օրենսգքրի ժամանակ տեսաք՝ չկար մի դիտարկում, որը մենք հաշվի առած չլինենք՝ ընդհուպ ցուցակների հրապարակում»: