
12/07/2017 17:51
Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող միջանցքը, նախևառաջ, Հայաստանի շահերից է բխում. «Ապավեն» ընկերության տնօրեն
Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն համաձայնության են եկել ավարտել բանակցությունները և պայմանագիր կնքել շվեյցարական «SGS» ընկերության հետ, որը կվերահսկի առևտրային միջանցքով ՌԴ-ից և Վրաստանից եկող ապրանքների շարժը:
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանն, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց, թե պատահական չէր, որ երբ 6 ամիս առաջ Հայաստանի վարչապետը Վրաստանում էր, հայտարարություն արեց, թե վրացական կողմի հետ եկել են համաձայնության տրանսպորտային միջանցքի վերաբերյալ, սակայն չբացեց փակագծերը։
«Բնական է, որ եթե ռուսական կողմի վրա կա ազդեցություն, եթե ռուսական կողմը փոքր-ինչ ակտիվացնի իր մոտեցումն այս հարցի վերաբերյալ, ապա այդ միջանցքի ստեղծումն իրականություն կդառնա», - ասաց Գագիկ Աղաջանյանը՝ հավելելով նաև, թե դա, իհարկե, բավականին բարդ մեխանիզմ է, բայց դրա համար պետք է ունենալ լուրջ քաղաքական կամք։
Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող միջանցքն, ըստ «Ապավեն»-ի գործադիր տնօրենի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի շահերից է բխում, բայց, նախևառաջ Հայաստանի շահերից է բխում։
Գագիկ Աղաջանյանն ասաց, որ չպետք է այս հարցում շեշտադրում անել, թե՝ ա՛յ, հայերը սա արեցին, կամ՝ սա շրջափակման վերջն է և այլն։
«Բայց այն, որ մենք ստաբիլ՝ տարին 12 ամիս, օրը 24 ժամ անվտանգ կապ ենք ունենում Ռուսաստանի Դաշնության հետ, դա փաստ է», - ասաց Գագիկ Աղաջանյանը՝ նշելով, թե մինչ այս էլ այդ կապը կար և դարձյալ Վրաստանի միջոցով էր, պարզապես այս պարագայում այդ ճանապարհը ոչ թե անցնելու է 2600 մետր ծովի մակերևույթից բարձր, այլ ընդամենը 2-3 մետր, և դա տարվա բոլոր եղանակներին անցանելի ճանապարհ է։
Եթե վերոնշյալ համաձայնագիրը կյանքի կոչվեց, Գ. Աղաջանյանի խոսքով, հայերը, վրացիները և ռուսները շվեյցարական «SGS» ընկերության միջոցով ունենում են տրանսպորտային միջանցք, որն անհամեմատ ավելի նախընտրելի և էժան է, քան այն, ինչ այսօր կա։
Դիտարկմանը, թե սա նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ ապրանքաշրջանառությունը կմեծանա, Գագիկ Աղաջանյանն արձագանքեց.
«Մինչ այս առկա խոչընդոտները եղել են սեզոնային։ Սակայն, չկա մի ապրանքատեսակ և չկա մի ապրանքատեսակի քանակ, որի բերելու կամ տանելու անհրաժեշտությունը կար և դա չի տարվել կամ չի բերվել։ Խոսքն առայժմ միայն ավտոտրանսպորտի մասին է, այդ միջանցքով դեռևս պետք է երթևեկեն ավտոտրանսպորտային միջոցները։ Եթե այս փորձը արդյունք ունենա և կողմերը տեսնեն, որ որևէ բարդություն չկա, բնական է, որ շահագրգիռ կողմերը, այդ թվում և մենք, կգնանք երկրորդ քայլին՝ երկաթուղային տրանսպորտով շահագործմանը»։
Գ. Աղաջանյանը նշեց նաև, թե չպետք է մոռանալ, որ երկաթուղու շահագործման համար բավականին մեծ ներդրումներ և ժամանակ է պետք։