15/07/2017 11:51
Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին. կմշակվի ճանապարհային քարտեզ
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ձևավորման արդիական հարցեր:
Խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի կողմից ներկայացվել են մի շարք հարցեր, որոնք ճանաչվել են որպես սահմանափակումներ՝ այդ թվում ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ազգային և միջազգային վարորդական թույլտվությունների, էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման բացակայության, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման սահմանային կետերի վերաբերյալ հարցեր:
Քննարկման արդյունքում Խորհուրդը հանձնարարել է ԵՏՀ Կոլեգիային վերոնշյալ սահմանափակումները ներառել պաշտոնական սահմանափակումների ցուցակում:
Դրա արդյունքում ԵՏՀ Կոլեգիան պետք է մշակի ճանապարհային քարտեզ, որը կներկայացնի միջկառավարական խորհրդին: