23/08/2017 15:45
Գլխավոր դատախազությունն ընթացք կտա Սևանի ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու վերաբերյալ դիմումին
ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է քաղաքացի Սևակ Ոսկանյանի` Սևանի ոստիկանությունում խոշտանգումների վերաբերյալ դիմումը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.
«Քաղաքացու դիմումն արդեն մուտքագրվել է ու դրան կտրվի համապատասխան ընթացք, որի մասին, ըստ անհրաժեշտության, կտեղեկացնենք լրացուցիչ», - ասաց Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացի Սևակ Ոսկանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` ահազանգելով, որ իրեն բերման են ենթարկել Սևանի ոստիկանություն, որտեղ խոշտանգել են, սպառնացել ու կորզել ցուցմունքներ:
Քաղաքացու դիմումը տարածել էր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: