04/09/2017 18:03
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ալլահշուքյուր Փաշազադեն կքննարկեն տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցը. Տեր Վահրամ
Հոգևոր առաջնորդների յուրաքանչյուր հանդիպում միտված է խաղաղության շուտափույթ վերահաստատմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպմանը Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
Տեր Վահրամն ընդգծեց, որ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման նպատակը մեկն է՝ քննարկել տարածաշրջանային խնդիրները և խաղաղության վերահաստատման հարցը:
«Ուղերձը մեկն է՝ խաղաղության անհրաժեշտությունը, տարածաշրջանի լիաժեք զարգացումը և ժողովրդի համերաշխ գոյակցությունը տարաշածարջանում: Նույնն է նաև հանդիպման օրակարգը», - նշեց նա:
Դիտարկմանը, թե ի՞նչ դեր կարող է խաղալ հոգևորականությունը քաղաքական կոնֆլիկտների լուծման հարցում և արդյոք նրա ձայնը լսելի է քաղաքականության մեջ, Տեր Վահրամը նկատեց, որ հարցը ոչ թե քաղաքականության մեջ լսելի լինելու խնդիրն է, այլ հետագա երկխոսությունների համար համապատասխան մթնոլորտի ստեղծումը:
«Եթե մեր ժողովրդի մեջ միմյանց նկատմամբ չձևավորվի հանդուրժողական ոգի, ապա հակամարտությունը պիտի շարունակվի դարեր: Այդ ոգու ձևավորումն է կարևոր: Դրա առկայության պայմաններում է հնարավոր գտնել լուծումներ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հոգևոր առաջնորդների դերակատարությունը հենց այս ոլորտի մեջ է, ոչ թե ներազդեցություն ունենալ կամ լծակներ գործադրել քաղաքական որոշումների կայացման վրա, այլ ձևավորել միջավայր և մթնոլորտ, որ երկու կողմերն էլ ինքնաբերաբար հակված լինեն գնալ երկխոսության՝ գիտակցությամբ, որ վճռվում է տարածաշրջանում և մեր ժողովրդի կյանքում խաղաղության վերհաստատման հարցը», - ասաց Տեր Վահրամը:
Վերջինս ընդգծեց, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել, եթե շարունակ թշնամանք և ատելություն սահամանվի: Նրա խոսքով՝ թեև այսօր պարբերաբար հնչում են ռազմատենչ հայտարարություններ, բայց անգամ նման պայմաններում հոգևոր առաջնոդների հանդիպումը կարևոր է, որպեսզի նախ հայկական կողմն իր հերթին հոգևոր մակարդակի վրա հնչեցնի իր մտահոգություններն ու ուղերձները:
Դիտարկմանը, թե արդյոք նույն խաղաղության կոչով իր երկիր կվերադառնա Ալլահշուքյուր Փաշազադեն, Տեր Վահրամն ընդգծեց, որ տարբեր իրավիճակներ են եղել, իսկ թե այս անգամ ինչ ուղերձներով կվերադառնա Ադրբեջան Փաշազադեն, պարզ կլինի օրեր անց:
Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Համայն Ռուսիո Պատրիարքի գլխավորությամբ տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: