16/10/2017 14:24
Արցախն արժևորում է Սարգսյան-Ալիև հանդիպումը, սակայն բեկում չի սպասում. Դավիթ Բաբայան
Ցանկացած հանդիպում, առավել ևս` նախագահների մակարդակով, Արցախն արժևորում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով այսօր Ժնևում մեկնարկած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը:
«Մենք ցանկացած հանդիպում, առավել ևս` նախագահների մակարդակով արժևորում ենք, որովհետև դա այն հարթակն է, որտեղ քննարկվում են ամենաբարդ խնդիրները: Այդ խնդիրները կարելի է պայմանականորեն երկու մեծ խմբի բաժանել: Առաջինը` կարգավորման ընդհանուր սկզբունքներն են` խաղաղ կարգավորում, կայունության ու խաղաղության պահպանում տարածաշրջանում, երկրորդ խումբն` արդեն կոնկրետ հարցեր են, օրինակ, սահմանի երկայնքով հետաքննության մեխանիզմների ներդրումն ու առհասարակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը», - ասաց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց` նման հանդիպումները կարևոր են, քանի որ դրանց ընթացքում ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են արվում, այդ թվում` միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից:
«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Բաքուն պահպանում է իր կարծր դիրքորոշումն ու հայատյացության դրսևորումները, դժվար կլինի այս հանդիպումից որևէ կտրուկ բեկում ակնկալել: Կարծում եմ` հիմնական շեշտը դրվելու է կայունության ու խաղաղության պահպանմանը, ինչը նույնպես շատ կարևոր խնդիր է», - ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը: