07/11/2017 18:15
Առաջիկա 5-6 տարվա ընթացքում արևային կայանների ծավալը կմոտեցվի շուրջ 1 ԳՎտ-ի. Հայկ Չոբանյան
Հայաստանի արևն ու բնությունը մեծ առավելություն են արևային կայաններ ստեղծելու համար, Հայաստանում ամենամեծ՝ 1 ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացմանը լրագրողներին ասաց «Արփի Սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանը։
«Արևային կայաններ կարող ենք ստեղծել շատ կարճ ժամանակում՝ մեկ ամիս ժամանակահատվածում։ Օրինակ, «Թալին-1» արևային կայանի ինժեներական աշխատանքներն իրականացվել են 20 օրվա ընթացքում», - նշեց Հ.Չոբանյանը՝ ընդգծելով, որ այս կայանի առանձնահատկություններից մեկն էլ միջազգային ամենաբարձր ստանդարտների ապահովումն է։
«Թալին-1» կայանի ներդրողները 4 հայաստանցի է, որոնցից մեկն էլ Հայկ Չոբանյանն է։
«Արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի, աշխարհում այն համարվում է էներգիայի ամենաէժան աղբյուրներից մեկը, Հայաստանում՝ առավել ևս, քանի որ ունենք արևային հզոր ռադիացիա և մեծ քանակությամբ արևային օրեր։ Հնարավորություններն անսահմանափակ են։ Մի քանի տարի հետո կունենանք այնպիսի լուծումներ, որ արդեն նպատակահարմար կլինի տեղադրել կուտակիչներ և արևային էներգիայից ստացված էներգիան օգտագործել նաև գիշերը։ Տարվա բոլոր եղանակներին կարող ենք էլեկտրաէներգիա ստանալ» ,- ասաց Հ. Չոբանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արևային էներգետիկայի մեջ իրականացվող քաղաքականությունը բարենպաստ կլինի ներդրումային միջավայրի համար։
«Համոզված եմ, որ շուտով կհայտարարվի 1ՄՎտ կայանների հաջորդ շարքը, կհայտարարվի նաև սակագինը, կարծում եմ, որ ներդրողները հետաքրքրված կլինեն դրանով։ Այսօր 1 ԿՎտ էներգիայի վաճառքն իրականացվում է 42 դրամով՝ առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ով՝ 51 դրամ», - նշեց Հայկ Չոբանյանը։
1ՄՎտ հոզորությամբ կայանը նախատեսված է միջինում 400 ընտանիքի համար։
Ըստ Հայկ Չոբանյանի՝ Հայաստանի հնարավորությունները շատ ավելի մեծ են և առաջիկա տարիներին մի քանի հարյուր ԳՎտ ներդրման հնարավորություն կլինի։
«Կարծում եմ, որ առաջիկա 5-6 տարիների ընթացքում արևային կայանների ծավալը կմոտեցնեն շուրջ 1 ԳՎտ-ի», - ասաց Չոբանյանը։
Նշենք, որ 1ՄՎտ հզորությամբ արևային կայան ստեղծելու համար ներդրվել է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար։