09/11/2017 20:15
Տարկետում ոչ միայն լինելու է, այլ տարկետում, անպայման, լինելու է. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Տղերք ջան, նայեք, ես ձեր տեղը եղել եմ, դուք իմ տեղը դեռ չեք եղել, անպայման, լինելու եք», - ասել է Վիգեն Սարգսյանը, իսկ վարչապետն էլ կատակել է. «Հինգն էլ դժվար, որովհետև նույն տարիքի են»։
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը Իսրայելի օրինակով համեմատելը մեջտեղ է եկել պարզ պատճառով։
«Ընդդիմադիր պատգամավորներից մեկն ԱԺ-ում փորձեց ասել, որ մենք միջազգային ռեյտինգով ամենառազմականացված 4-րդ երկիրն ենք ու դա բերվում էր որպես բացասական էլեմենտ, իմ արձագանքը եղել է շատ պարզ, ես ասել եմ, որ եթե ինչ-որ մեկը ռեյտինգ է մեջբերում, ինքը պարտավոր է քաղաքացիներին իրազեկի ամբողջությամբ ու ասի, որ խոսում է այն ռեյտինգի մասին, որտեղ մեզանից առաջ գտնվում են Իսրայելն ու Սինգապուրը։ Հետո այդ նույն պատգամավորը Իսրայելի խոսքը այդ ամբողջ նախադասությունից պոկեց, անընդհատ փորձեց ասի, որ մենք Իսրայելի հետ չենք կարող համեմատվել», - նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ ինքը վաղուց է խոսում առաջարկված օրենքի նախագծի բովանդակության մասին ու ուսանողների հետ նույնպես խոսելու ցանկություն ունի։
«Տարկետում ոչ միայն լինելու է, այլ տարկետում, անպայման, լինելու է ու այս օրենքի նախագիծը հենց տարկետման մասին է։ Ես վստահ չեմ՝ դուք օրենքի նախագիծը մանրամասն կարդացել եք, թե չէ, հուսով եմ, որ կարդացել եք, որովհետև դուք ձեր վրա վերցնում եք պատասխանտվություն՝ հասարակությանը իրազեկելու ու մոբիլիզացնելու այդ օրենքի շուրջ, իսկ դա իր հետ բեռ է կրում», - ասել է Վ. Սարգսյանը։
Պաշտպանության նախարարը ընդգծել է՝ առաջին անգամ պետությունը քաղաքացուն 4 այլընտրանք է առաջարկում, ու եթե ուսանողները գտնում են, որ կա կատեգորիա, որը պետք է բանակում չծառայի, ապա ինքը սկզբունքորեն դեմ է այդ մտքին:
«Ես համարում եմ, որ պետության ճկունությունն ու բանակի արդյունավետությունը պետք է լինի նրա մեջ, որ ինքը կարողանա նայել քաղաքացու աչքերի մեջ ու ասի՝ դու ընտրի՝ ոնց ես ուզում ծառայել», - ասել է Վիգեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։