10/11/2017 19:46
Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկքաղաքացիություն ունենալ. խորհրդարանի խոսնակ
Վրաստանի խորհրդարանի կողմից հոկտեմբերին ընդունված նոր սահմանադրությունը նախատեսում է վրացական քաղաքացիության նկատմամբ ազատական մոտեցում: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Georgia on-Line-ը:
«Նոր սահմանադրությունում հաստատվել է Վրաստանի քաղաքացիության նկատմամբ ազատական մոտեցում: Մասնավորապես՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալը չի նշանակի ավտոմատ կորցնել վրացական քաղաքացիությունը, ինչպես նախատեսված էր սահմանադրության նախկին տարբերակում», - լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Նա նշել է, որ սաահմանադրության այդ առաջարկը մեծ նշանակություն ունի այլ երկրներում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար:
Սահմանադրության նախորդ տարբերակի հիման վրա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2015 թվականի դեկտեմբերին զրկվել է վրացական քաղաքացիությունից, քանի որ ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն:
Արդարադատության նախարարության տվյալներով՝ Վրաստանի մոտ 30 հազար քաղաքի ստացել է այլ երկրների քաղաքացիություն, բայց չի հայտնել այդ մասին երկրի իշխանություններին:
Վրաստանի նոր սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2018 թվականի վերջին՝ հերթական նախագահական ընտրությունների անցկացումից հետո: