14/11/2017 17:10
Մարկ Ցուկերբերգի հիմնադրամն ավելի քան 12 մլն դոլարի նվիրատվություն է կատարել Հարվարդին
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի բարեգործական հիմնադրամը 12,1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Հարվարդի համալսարանին, ասված է Մասաչուսեթսի նահանգում գտնվող ուսումնական հաստատության տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
Գումարը կհատկացվի եկամուտների ցածր մակարդակով ընտանիքներից ուսանողներին դրամաշնորհներ տալուն, որոնք հետագայում մտադիր են աշխատել պետական ծառայությունների ոլորտում: Ինչպես հայտնել են ուսումնական հաստատությունում, հիմնադրամի օգնության շնորհիվ հետագա 15 տարիներին համալսարանը կկարողանա դրամաշնորհների տեսքով ֆինանսական աջակցություն ցույց տալ շուրջ 2,3 հազար ուսանողի:
Ցուկերբերգը և Չանն ուսանել են Հարվարդում, սակայն Facebook-ի հիմնադիրը 2005 թվականին թողել է ուսումը ստեղծված սոցցանցի հաջողության ալիքին: Չանը համալսարանն ավարտել է: