14/11/2017 13:05
Ուսանողների պահանջը չի կատարվել. ներկայացվեց վիճահարույց օրինագիծը երկրորդ ընթերցմամբ (Տեսանյութ)
Պաշտպանության համակարգում տարիների ընթացքում կուտակված խնդիրներն են կոչված լուծելու «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի նախագծում ներկայացվող փոփոխությունները, այդ մասին այսօր նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նկատենք, որ ուսանողության մի հատված այս օրերին բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ այս օրինագծի, որն, ըստ իրենց, զրկում է տարկետման իրավունքից։ Ավելին, այսօր ուսանողներից հինգը հացադուլ են սկսել և փակվել ԵՊՀ մի սենյակում։
Արտակ Զաքարյանը ներկայացրեց, որ երկրորդ ընթերցման ժամանակահատվածում օրինագծում կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկից հանվել է գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը, միաժամանակ մինչև օրենքի՝ ուժի մեջ մտնելը, ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն իսկ տարկետում ստացած անձանց համար պահպանվում է այդ իրավունքը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
Զաքարյանն ընդգծեց, որ ուսումը շարունակելու տարկետման իրավունքը օրինագծով հանվել է, փոխարենը առաջարկվում է նպատակային ուսման համար տարկետում՝ ի դեմս բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող այն անձանց, ովքեր ՊՆ-ի հետ պայմանագիր կկնքեն։
«Նրանք ուսումնառության ընթացքում պետք է անցնեն զինվորական պատրաստություն, զորակոչից հետո կկնքեն պայմանագիր Պաշտպանության նախարարության հետ՝ երեք տարով սպայական ծառայություն անցնելու մասին», - ասաց Զաքարյանը՝ նշելով, որ մանրամասները կլինեն կառավարության որոշմամբ։ Նկատենք, որ հենց այս դրույթի դեմ են բողոքում ուսանողները։