14/11/2017 12:05
Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Պուտին-Էրդողան հանդիպումից
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետև ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ նախագահները դեմառդեմ զրուցել են երկու-երկուսուկես ժամ: Դրանից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որոնց մասնակցել են պատվիրակությունները:
Բանակցությունները, Պեսկովի խոսքով, բարդ էին, դրանց մանրամասները հրապարակման ենթակա չեն: Նա այդպես է պատասխանել Թուրքիայի նախագահի՝ վերջերս արած հայտարարության վերաբերյալ հարցին, որը կոչ էր արել ԱՄՆ-ի և Ռուսաստանի զորքերը դուրս բերել Սիրիայից:
Պուտինը, ամփոփելով բանակցությունների արդյունքները, ընդգծել Է, որ երկխոսությունն արդյունավետ էր: Նա հայտնել է Թուրքիայից մի ամբողջ շարք մթերքների ներկրումը վերսկսելու որոշման մասին: ՌԴ նախագահի խոսքով՝ երկու երկրների համագործակցության մակարդակը գործնականում վերականգնված է, երկկողմ առևտրի ծավալը մեծացել է 36 տոկոսով: