15/11/2017 19:26
Ընտանեկան բռնության կանխարգելման մասին վիճահարույց օրինագիծը փոփոխված անվանումով կառավարության նիստի օրակարգում է
Հասարակական լայն շրջանակների դժգոհությունն առաջացրած ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է կառավարության նիստի օրակարգ, Aysor.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից:
Ըստ նույն աղբյուրի՝ օրինագծի անվանումը փոփոխված է և զգալի երկարացվել է. այժմ փաստաթուղթը կոչվում է այսպես՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:
Այս օրինագծին կից ներկայացվել է հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Մասնավորապես նախագծի նոր տարբերակում սահմանվել է, թե որն է անձի տնտեսական, հոգեբանական բռնության ենթարկելը:
Ըստ այդմ՝ «հոգեբանական բռնությունը հետևյալն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը»:
Իսկ տնտեսական բռնությունը սահմանվել է այսպես՝ «անձի հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ նրան իշխելու նպատակով վերջինիս գոյության համար անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականություն իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը»:
Նախագծերի փաթեթով, ըստ աղբյուրի, բռնության կանխարգելման նպատակին են ուղղված՝
ա) ընտանիքում բռնության պատճառների և պայմանների վերաբերյալ համակարգային հետազոտություններ կատարելու պահանջը.
բ) ընտանիքում բռնության կենտրոնացած հաշվառման պահանջը՝ ընդգրկելով ինչպես պաշտոնապես գրանցված, այնպես էլ ընտանիքում բռնության ենթարկվածների աջակցության հատուկ կառույցների կողմից հաղորդված, սակայն իրավապահների կողմից պաշտոնապես չգրանցված միջադեպերը.
գ) իրավապահ մարմինների, կրթական և բժշկական հաստատությունների, հատուկ կառույցների աշխատակիցներին պարբերաբար վերապատրաստելու պահանջը, ինչը կնպաստի նրանց կողմից ընտանիքում բռնության սպառնալիքի վաղ հայտնաբերմանը և կանխմանը.
դ) պաշտոնական նախազգուշացման պարագայում Ոստիկանության կողմից անմիջապես Աջակցության կենտրոնին տեղյակ պահելը, և վերջինիս կողմից ընտանիքում բռնության սպառնալիքի վաղ փուլում միջամտելու և ընտանիքին հոգեբանական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը.
ե) բռնարարի համար ալկոհոլամոլությունից, խաղամոլությունից, թմրամոլությունից և թունամոլությունից բուժում անցնելու և հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը, որն ուղղված է նրա սոցիալական վերականգնմանը.
զ) հանրության համար իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ անցացնելու, «թեժ գծով» անվճար խորհրդատվություն տրամադրելու պահանջը.
է) բռնարարներին պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու պահանջը:
«Ընտանիքում բռնության կանխարգելման տեսանկյունից հարկ է ընդգծել նաև նախագծով առաջարկվող` նախազգուշացման ինստիտուտը, որը կիրառվում է առաջին անգամ ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանիքում բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: Սա թույլ է տալիս վերոնշյալ անձանց վերցնել կանխարգելիչ հաշվառման և նրանց պարբերաբար այցելելու միջոցով կանխել բռնության նոր դրսևորումները», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ: