15/11/2017 11:11
Մենք լավ ենք, շարունակելու ենք հացադուլը. Դավիթ Պետրոսյան
Ուսանողների հայտարարած հացադուլը շարունակվելու է, այս մասին «Ազատություն» ռ/կ եթերում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանը:
«Նախագծի այսօրվա քվեարկությամբ շարունակվում է այն վարքագիծը, որի մասին մենք նշում էինք: Նախնական տրամադրվածությունն այնպես է, որ ինչ էլ լինի, ինչ չլինի, օրենքն ընդունվելու է: Ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ դա անում է ոչ միայն կոնկրետ կառավարության ներկայացուցիչ, այլ` ԱԺ-ն, որը ներկայացուցչական մարմին է` պատասխանատու, հաշվետու ժողովրդի առաջ: Այս ամենն ուղղակի խորացնում է անջրպետը ժողովրդի և Ազգային ժողովի միջև», - ասաց Դավիթ Պետրոսյանը:
Ուսանողն ընդգծեց` բովանդակային առումով իրենց այնպես էլ ոչ ոք չպատասխանեց:
«Նպատակը բովանդակային չէ, պետք էր ընդունել, ընդունեցին», - ասաց Դավիթ Պետրոսյանն`ավելացնելով.
«Մենք լավ, ոչ մի բանի կարիք չունենք, հացադուլը շարունակելու ենք»:
Ուսանողի խոսքով` իշխանությունից ոչ ոք դեռևս կապ չի հաստատել իրենց հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ պայքարող ուսանողական շարժման 5 անդամներ փակվել են ԵՊՀ լսարաններից մեկում և հացադուլ հայտարարել: Նրանից մեկի ինքնազգացողությունը երեկոյան վատացել և նա հեռացվել է լսարանից: 4 ուսանող շարունակում է հացադուլը: