16/11/2017 11:32
Անչափահասներին ծխախոտի և ալկոհոլի վաճառքը, գիշերային ակումբներ մուտք գործելը կկանխարգելվի (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու ու գիշերային ակումբներ հաճախելու դեպքերի վերաբերյալ հնաձնարարական հնչեցրեց:
«Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ ու շատ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ ու զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքները անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված», - ասաց Կ. Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները նույնպես բավարար չեն:
«Ավելին, նման դեպքերը ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ ու հստակեցված չեն գործառույթները», - ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը արդարադատության, տնտեսական զարգացման ու ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին, ինչպես նաև Երևանի քաղաքապետին հանձնարարեց երկամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու, ինչպես նաև գիշերային ակումբներ մուտք գործելու դեպքերի հետ կապված պատասխանատվության միջոցների խստացման կանոնակարգման, լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ: