20/11/2017 11:57
Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք գիդ նշանակել «Հաղթանակի» զբոսայգում. Նիկոլ Փաշինյան
Ասում են չէ, որ Հայաստանը թանգարան է՝ բաց երկնքի տակ, հիմա «Հաղթանակ» զբոսայգին և նրա հարակից տարածքները թանգարան են՝ բաց երկնքի տակ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդարադռնալով Մոնումենտի հարակից տարածքում առկա շքեղ առանձնատներին։
Վերջինս կատակեց, որ դրանք շատ կարևոր նշանակություն ունեն տուրիզմի զարգացման համար:
«Մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- նշեց նա։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն էլ, անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե այդ դղյակները կառուցվել են գազի մոնոպոլիայի արդյունքում, անհրաժեշտ է համապատասխան կառույցներում ստուգումներ անցկացնել, ասաց, որ տասնյակ ու տասնյակ հազարավոր դղյակներ կան և դրանք միայն Մոնումենտում չեն։
«ԲՀԿ տեսակետն է, իրենց մոտեցումներն են, եթե ուզում են այդ հարցերով զբաղվել, թող զբաղվեն, բայց թող ընդհանուր պատկերով զբաղվեն», - նշեց պատգամավորը։
Լրագրողների դիտարկմանը, թե Մոնումենտից բացի ուրիշ որտեղ մեծ դղյակներ կան, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Աչքերդ բաց, կտեսնես»։