25/11/2017 11:25
Ես ուղղակի կզարմանամ էն ծնողի վրա, որը չի պատվաստի իր երեխային պապիլոմավիրուսի դեմ. Առողջապահության նախարար
Այսօր Ծաղկաձորում իմունականխարգելման գործընթացի իրազեկման դասընթացի ժամանակ ՀՀ առողջպահության նախարար Լևոն Ալթունյանը զարմացավ, որ հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր չպատվաստեն իրենց երեխային պապիլոմավիրուսի դեմ։
Լրագրողը հետաքրքրվեց, թե առողջապահության նախարարը կպատվաստե՞ր իր աղջկան պապիլոմավիրուսի դեմ, նախարարը պատասխանեց. «Միանշանակ, ես ուղղակի կզարմանամ էն ծնողի վրա, որը չի պատվաստի իր երեխային պապիլոմաիրուսի դեմ»։
Նկատենք, որ մարդու պապիլոմավիրուս վարակը կարող է մի քանի տեսակի քաղցկեղի և սեռական գորտնուկների զարգացման պատճառ լինել։ Արգանդի վզիկի քաղցկեղը, մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված, քաղցկեղների առավել տարածված տեսակներից է, որն ամբողջ աշխարհում 4-րդ տարածված քաղցկեղն է կանանց շրջանում։
Հայաստաում արգանդի վզիկի քաղցկեղը քաղցկեղային հիվանդությունների շարքում գտնվում է երկրորդ տեղում։ Ըստ վիճակագրական տվյալների, 2015-ին Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի հաշվառված դեպքերը 2030-ն են եղել, իսկ նոր հայտնաբերված դեպքերը՝ 257, մահացել է 130 մարդ։ 2016-ին հաշվառված դեպքերը եղել են 2990, նոր հայտնաբերվել է 243, իսկ մահվան դեպքերը կազմել են 115։
Յուրաքանչյուր տարի Հայաստանում 100 հազար կնոջից արգանդի վզկի քաղցկեղ ախտորոշվում է 15-ի մոտ, 8-ը մահանում է այդ հիվանդության հետևանքով։