30/11/2017 13:00
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը դարձել է խաղալիք Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում. Թևան Պողոսյան
Եթե չեն կրակում առաջնագծում, «կրակում» են դիվանագիտական սեղանի շուրջ, Aysօr.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով, երեկ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ընդունված հակահայկական բանաձևին:
«Սրանք հերթական «կրակոցներն» են, որոնց պետք է դիմակայել և հակահարված տալ, որ նմանատիպ իրավիճակներ այլևս որևէ տեղ չկրկնվեն: Հայտարարությունը վտանգավոր չէ, քանի որ Սևծովյան խորհրդարանական վեհաժողովը որևէ ձև ներգրավված չէ Արցախյան խնդրի լուծմանը», - նշեց Թևան Պողոսյանը:
Վերջինս ընդգծեց, որ բանաձևի ընդունումը տեղի է ունեցել կանոնակարգի և դիվանագիտական էթիկայի նորմերի խախտմամբ, ինչը փաստում է՝ կառույցն այլևս չի կարող համարվել վստահելի ինստիտուտ:
«Սա հարված էր իրենց իմիջին, որովհետև բոլոր վեհաժողովները սիրում են հարգել իրենց կանոնակարգերը: Եթե նայենք այնտեղ ընդգրկված երկրների ցանկին, կհասկանանք, թե այդ երկրներն ինչ վերաբերմունք ունեն դեպի Հայաստանը: Այնպես, որ նրանց արածը զարմանալի չէ», - ընդգծեց նա:
Թևան Պողոսյանը վստահություն հայտնեց, որ ընդունված հայտարարությունը միջազգային ատյաներում որևէ լուրջ արձագանք չի ունենալու, իսկ Հայաստանը պետք է աշխատանքներ տանի՝ հասնելու միջազգային ատյաններում նման պահվածքի դատապարտմանը:
«Սևծովյան խորհրդարանական վեհաժողովը դարձել է խաղալիք Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում: Ցավում եմ, որ նույն Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը, մաս կազմելով արևելյան գործընկերության, այսպիսի վարքագծով ցույց տվեցին, թե ինչքանով են իրենք հավատարիմ իրենց ստանձնած հայտարարություններին և արժեքներին», - նշեց նա:
Թևան Պողոսյանի խոսքով՝ թեև հայտարարության ընդունմանը մասնակցել են տարբեր երկրների պատվիրակներ, բայց դա դեռ չի նշանակում, որ տվյալ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները համաձայն են հայտարարության տեքստի հետ:
«Եթե հարցնենք, օրինակ, Վրաստանի ԱԳ նախարարին, նա կասի, որ կիսում է այն, ինչ ԵԱՀԿ-ում է կամ Արևելյան գործընկերությունում: Դա նշանակում է, որ այնտեղ մարդիկ տրվել են գումարային անհատական մանր երևույթներին ՝ փորձելով այդպես ներկայացնել իրենց երկրի շահերը՝ առանց հասկանալու, որ այդպիսով սեփական երկրին են հարված հասցնելու», - նկատեց նա:
Անդրադառնալով հայկական պատվիրակության հասցեին հնչող մեղադրանքներին, որ նրանք նախապես ծանոթ չեն եղել օրակարգին՝ Պողոսյանը նշեց, որ դա քիչ հավանական է.
«Չեմ կարծում, որ ծանոթ չեն եղել, քանի որ օրակարգը նախապես ուղարկվում է: Եթե անգամ ծանոթ չեն եղել, օրակարգում դժվար թե գրված լիներ, որ առանձին պատվիրակությունների ղեկավարությունները պետք է հավաքվեին»:
Երեկ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարություն էր տարածել, որ մինչ սպասում էին դահլիճում, բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել և ինչ-որ հարց էին քննարկում, որին իրենք հրավիրված չէին:
Արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին: